ՉՄՈՌԱՆԱՔ ԹԱՏՐՈՆ ԳՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գյումրու կյանքում միշտ հատուկ տեղ է զբաղեցրել թատրոնը, իսկ քաղաքի կոլորիտը հաճախ օգտագործվել է սովետական կինոմատոգրաֆիայում: Դժվար է պատկերացնել բոլորի համար սիրելի հայկական ֆիլմերն առանց նեղլիկ փողոցների ու պատշգամբների, որտեղ տեղի են ունեցել ֆիլմերի գործողությունները՝ «Եռանկյունի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»… Այստեղ նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը կարելի է համարել գյումրեցիների նիստ ու կացի լավագույն էկրանավորումները:

Բացառիկ Գյումրեցի Մհեր Մկրտչյանն ասում էր.     

«Լենինականն ինձ համար քավարան է` ես գնում եմ մաքրվելու, մի նոր գործ անեմ ու էդ գործը բերեմ առաջինը Լենինականում ներկայացնեմ: Ինձ համար լենինականյան հանդիպումները շատ կարևոր են` իմ արմատները, ինքս ինձ հիշելու առումով: Իմ ծննդավայրն իմ հայելին է, գալիս եմ մի անգամ էլ տեսնեմ, հիշեմ ինձ, չմոռանամ ինձ, գալիս եմ ուժ ստանալու, նորից խելոքանալու, նորից հումորս չկորցնելու համար…»:

Եկեք բոլորս հետևենք Մեծ Գյումրեցու հորդորին:

Գյումրու տիկնիկային թատրոն

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը մինչ օրս շարունակում է տարածել հեքիաթի շունչն ու գույները և նոր ներկայացումներով ուրախացնում հանդիսատեսին: ՀՀ-ի առաջին մանկական պետական թատրոնն է, ծնունդ է առել 1935 թվականին: 1973թ.-ից «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համախարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Թատրոնի հետ համագործակցել են անվանի ռեժիսորներ Վարդան Աճեմյանը և Ա. Արմենյանը, որոնք գրել և բեմականացրել են մանկական պիեսներ։ Մեծ ավանդ ունի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Ստեփան Ալիխանյանը, որի ջանքերով հետպատերազմյան դժվար պայմաններում վերսկսվեց թատրոնի գործունեությունը։