ԾԱՆՈԹԱՑԵՔ. ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ

Քաղաքն ինքնին արվեստի ոգեշնչության օրրան է, այստեղ են իրենց գլուխգործոցները կերտել Գյումրու մեծանուն դեմքերը: Գյումրեցիները իրենց տաղանդը տարբեր կերպ են արտահայտում. իզուր չէ, որ գյումրեցի վարպետների համար երբեմն ասում են, որ ունեն «ոսկի ձեռքեր»: Այստեղ բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալ այնպիսի Վարպետների հետ, ինչպիսիք են՝

  • Արտակ Թադևոսյան

Փամփուշտների պարկուճներից պատրաստված զարդեր:

Համեցեք Գյումրի ծանոթանալու Արտակի հետ:

  • Լևոն Հովհաննիսյան

Լևոնը զբաղվում է հայ ավանդական կենցաղավարության մեջ կարևոր կավե իրերի պատրաստմամբ: Լևոնի արվեստանոցում կարող եք գտնել հետաքրքիր բրուտագործական և խեցեգործական դեկորատիվ և կիրառական առարկաներ:

  • Էդիկ Ժամկոչյան

Մուշուրբա պատրաստող վարպետ Էդիկը Գյումրիում հայտնի է իր պապերից ժառանգած արհեստի պահպանման և կատարելագործման շնորհիվ։ Շուրջ 40 տարի վարպետը նվիրել է յուրահատուկ ձայն-կլկլոց արձակող բաժակի տարբեր տիպեր պատրաստելուն։ Այդ ձայնային էկզոտիկ հնարքը իրականացրել է մեր հերոսի` Վարպետ Էդիկի հայրը` Սուրեն Ժամկոչյանը, իսկ հիմա նրա տղան է շարունակում հոր գործը։ Մուշուրբան տեսնելու ու ձեռք բերելու համար ժամանակին աշխարհի տարբեր երկրներից են եկել Սուրեն Ժամկոչյանի արհեստանոց: Ժամանակի ընթացքում բաժակի այս տիպը Գյումրու խորհրդանիշ դառնալուց բացի եղել և մնում է քաղաքի բնակիչների պարծենալու գլխավոր պատճառներից մեկը։

  • Վազգեն Գևորգյան

Գյումրեցի գեղանկարիչ, խեցեգործ Վազգեն Գևորգյանը պատրաստում է չանախների պնակները և սափորները։ Վազգեն Գեւորգյանին նախ գրավել են ալեքպոլյան արհեստավորների նկարները: Հնության փոշուց ազատել ու արխիվային սովորական թվացող ու խունացող լուսանկարները դարձրել է կտավներ: Նրա յուղաներկի շերտերում կարելի է գտնել պատմություն, կենցաղ, նիստ ու կաց, ավանդույթ և սերունդների հիշողությունից այս ամենը չջնջելու ուղերձ:

Միայն վրձնով ապրուստ ապահովել «մշակութային» Գյումրիում գրեթե անհնար է: Վազգեն Գևորգյանը արվեստից արհեստին անցավ ապրուստը ապահովելու համար: Այս տարիների ընթացքում Վազգենը արհեստում արվեստ է ներդրել: Գեղանկարչական գունավորումները, հայկական նախշազարդերը, փոքրիկ կավե մանրակերտերը եզակիություն են հաղորդում, իսկ ժայռապատկերներում հանդիպող խոյի պատկերն էլ դարձել է իր ստորագրության խորհրդանիշը:

  • Այցելել Գյումրիի ամենահին վարսավիրանոց

Արհեստի ավանդույթները Գյումրիում փոխանցվում են սերնդե սերունդ, և այսօր քիչ քանակությամբ, բայց գործում են հմուտ արհեստավորներ, շարունակելով իրենց ապուպապերի ավանդույթները:

Այդ շարունակականության վկան է իր դիզայնով և կոլորիտով, առօրյա Գյումրիական կատակով, զրույցներով, համ ու հոտով հայտնի հին «Լյուքս» վարսավիրանոցը, որտեղ ամեն ինչ մնացել է անփոփոխ 1940 թվականից ի վեր: Նույնն են թե՛ վարպետները, թե՛ գործիքները և թե՛ ջերմ մթնոլորտը: Մարդիկ այտեղ կարծես կտրվում են առօրյաից և մի պահ տեղափոխվում են անցյալ՝ հին ու բարի ժամանակներ։  85-ամյա Վարպետ Խաչիկը Գյումրու ամենահին վարսավիրանոցի ամենատարեց և փորձառու վարսավիրն է։ Իր երկար ու ձիգ տարիների աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է սպասարկել ամենահայտնի գյումրեցիներին՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ, Մհեր Մկրտչյան և էլի շատ շատերին։