ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԳՅՈՒՄՐԻՆ

Քայլեք Քաղաքի հին ու նեղլիկ փողոցներով՝ ճանաչելով ինքնատիպ ճարտարապետությունը, որը դեռևս կարելի է տեսնել նաև ֆիլմերից դուրս:  Կումայրի արգելոցթանգարանի տարածքում կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի) ` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, եկեղեցիներով:

Գյումրու փողոցներով սուր աչքով պիտի շրջել ոչինչ բաց չթողնելու համար: Քաղաքն էլ կենդանի էակ է, ապրում է ու շնչում և ունի իր ուրույն բնավորությունը:
Գյումրին խորհրդավոր քաղաք է, հակադրությունների հատման վայր:

Այստեղ շատ լքված և դատարկ շինություններ կան, բայց սովորական տներ չեն, այլ ճարտարապետության իսկական հուշարձաններ, 19-րդ դարի առանձնատներ, եկեղեցիներ, հայտնի պալատականների և տեղի մտավորականների կալվածքներ։

Քաղաքի հին հատվածով քայլելիս (Ջիվանի, Վ. Տերյան, Վ. Աճեմյան, Ա. Պուշկին և այլն) դուք կտեսնեք փայտե և մետաղական գունավոր դռներ: Սակայն դռների մեծ մասը կողպած է, և դրանց ներսը փակ է անցորդների աչքի համար ։ Միակ բանը, որ մնում է անել, մուտքի դռները զննելն է։ Դռները ապշեցուցիչ զարդանախշեր         ունեն, որ կզարմացնեն Ձեզ: Պահպանելով երբեմնի վեհությունը՝ դրանք դեռևս ազնվատոհմ տեսք ունեն:

Մայր Հայաստան և Սև «Ղուլ» այցելել      

Սև բերդը, կամ գյումրեցիների լեզվով ասած՝ Սև ղուլը, Գյումրի քաղաքի պատմամշակութային կարևոր կենտրոններից է: Ժամանակին ռազմական կարևոր նշանակություն ունեցած կառույցն այսօր ոչ միայն գյումրեցիների, այլև քաղաք այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:

Սև բերդի կենտրոնում մեծ կլոր բեմն է՝ հարմար տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Դահլիճը ներկայումս կարող է տեղավորել մինչև 1500 հյուրի: Երկրորդ հարկում սենյակներ են՝ առաջին հայացքից հարմար հանգստի կամ սնվելու համար: Երկրորդ  հարկի  շրջանաձև  պատին օթյակներ են: Բերդի նկուղային հարկում 30 մետր խորություն ունեցող ջրհորն է, որը կիրառվել է զինվորների կողմից՝ պաշտպանական գործողությունների ժամանակ: Սև բերդից դուրս սուրբ սեղանն է, որը պատրաստվել է 2016 թվականին, երբ Հռոմի պապը Գյումրի էր այցելել։ Սեղանը տեղադրված է բեմ-խորանի մեջտեղում։ Խորանի պատերին փակցված են այդ օրն արված լուսանկարները։

Բերդի վերնահարկը պակաս տպավորիչ չէ: Այստեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի քաղաքի տարբեր մասեր։ Սև ամրոցի գեղեցիկ տեսարանով հիանալիս դուք կտեսնեք Մայր Հայաստան հուշարձանը, որը վեհորեն կանգնած է քաղաքի արևմտյան մասում: Հուշարձանը կառուցվել է 1975թ-ին: Հպարտորեն կանգնած կինը ցորենի հասկերը ձեռքին՝ խորհրդանշում  է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ տարած հայերի Հաղթանակը: Արձանը պատրաստված է բրոնզից և ամենամեծն է Գյումրիում: Ասում են, որ հայկական կողմից արձանին նայելիս այն երևում է հաղթական կնոջ կերպարով, իսկ թուրքական կամ արևմտյան հատվածից այն երևում է որպես հարձակվող վիշապ:  Առաջին հայացքից կթվա, թե մշակութային այս բազմաշերտ քաղաքը չունի կոնկրետ դեմք, սակայն քաղաքում մի քանի ժամ քայլելուց հետո, կարելի  է  գտնել  մի  գիծ,  որի  շուրջ  հյուսվում  է Գյումրի  կոչվող  քաղաքի  ֆենոմենը: